ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
I. Ընդհանուր դրույթներ 1. Ակունք համայնքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են Ակունք համայնքի վարչական տարածքում ընտանի կենդանիներին հաշվառելու, պահելու հետ կապված հարաբերությունները, և տարածվում են Ակունքի վարչական տարածքում գտնվող ընտանի կենդանիներ տիրապետող (պահող) ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ 2. Կանոնները չեն տարածվում գիտական, գիտա–հետազոտական, բժշկական, ինչպես նաև ծառայողական նպատակներով ընտանի կենդանիներին օգտագործող և պահող համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ 3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ 1) ընտանի կենդանի (այսուհետ՝ կենդանի)` մարդու կողմից պատմականորեն ընտելացված կենդանի, 2) գյուղատնտեսական ընտանի կենդանի` մարդու կողմից սննդամթերքի արտադրության համար պատմականորեն ընտելացված և բուծվող կենդանի, 3) ընտանի կենդանի տիրապետող (այսուհետ՝ տիրապետող)` այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում հսկողության և(կամ) խնամքի ներքո գտնվում է կենդանին,
II. Տիրապետողի իրավունքները և պարտականությունները 4. Տիրապետողն իրավունք ունի՝ 1) հիմնել կենդանիների տիրապետողների կազմակերպություն և (կամ) անդամակցել դրան, 2) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ, 3) սույն կանոններով նախատեսված այլ իրավունքներ: 5. Տիրապետողը պարտավոր է՝ 1) Սույն Կանոններին համապատասխան 15-օրյա ժամկետում իրականացնել նոր ձեռք բերված կենդանու հաշվառումը, 2) կենդանուն պահել դրա կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան և ապահովել սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրանց պահանջները, 3) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ իրականացնել կենդանու տարեկան պատվաստումը կատաղության դեմ, 4) անհապաղ անասնաբուժական կամ առողջապահության կազմակերպություններին հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանն վնաս հասցնելու մասին` կենդանուն տեղափոխելով մոտակա անասնաբուժական կազմակերպություն՝ զննման և կարանտինային հսկողություն իրականացնելու համար, 5) անհապաղ անասնաբուժական կազմակերպությանը հայտնել կենդանու կատաղության հիվանդության կասկածի մասին և մինչ անասնաբույժ-մասնագետի ժամանումը մեկուսացնել կենդանուն, 6) կենդանու հիվանդությունների կանխման նպատակով իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ, 7) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաև հանգստյան կանաչ գոտիների աղտոտումը, 8) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում այն փոխանցել այլ անձի։ Արգելվում է կենդանուն թողնել առանց հսկողության, 9) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը, 10) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով տիրապետողի համար սահմանված այլ նորմերը և կանոնները։
III. Կենդանիների հաշվառումը 6. Կենդանիների հաշվառումն իրականացվում է մարդկանց և կենդանիների համար հատկապես վտանգավոր և վարակիչ հիվանդությունների հայտնաբերման, վարակված կենդանիների հայտնաբերման ու պրոֆիլակտիկայի ենթարկելու համար։ 7. Կենդանիներն հաշվառման են ենթակա սկսած վեց ամսական հասակից։ 8. Հաշվառման ենթակա չեն մանր կենդանիներն ու թռչունները, որոնք պահվում են դեկորատիվ նպատակով, ինչպես նաև կենդանաբանական այգիներում պահվող կենդանիները։ 9. Հաշվառումն իրականացնում է վարչական բնակավայրի ղեկավարը՝ կենդանիների քանակի և դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների և շահերի հաշվառմամբ կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման և կատարման նպատակով։ 10. Կենդանիների հաշվառումն իրականացվում է դրանց ձեռքբերման կամ Ակունքի վարչական տարածք ներմուծման պահից 15-օրյա ժամկետում։ Կենդանու հաշվառման ժամանակ տիրապետողը պարտադիր պետք է ծանուցվի Կանոների մասին, ինչը հավաստվում է տիրապետողի ստորագրությամբ։ Տիրապետողն իրավունք ունի հաշվառող մարմնից անվճար տեղեկություններ ստանալ այն վայրերի մասին, որտեղ տիրապետողն իրավունք ունի կազմակերպել կենդանու զբոսանքը կամ արոտը, ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ թույլատրված է կենդանիների թաղումը։
IV. Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները 19. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներին պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել օրենսդրությունը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ 20. Բնակելի շենքերում կենդանիներ մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմաններ։ 21. Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների։ 22. Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը։ 23. Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝ 1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, է այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ 2) ագրեսիվ շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։ Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում: Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով։ 25. Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև ճանապարհային պատահարների կանխման նպատակով, տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։ 26. Տիրապետողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումն կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել դրանց կենսագործունեության արդյունքները։ 27. Շներ տիրապետողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում։ 28. Արգելվում է՝ 1) կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների վրա, 2) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել, 3) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցներում, 4) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, 5) շանը զբոսանքի տանելը մանկական հրապարակներում, առողջապահական, կրթական, մշակույթի, սպորտի հիմնարկների և շուկաների տարածքներում, 6) հարբած անձանց և 14 տարին չլրացած անչափահասներին 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը։ 7) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ այցելելը, բացառությամբ կենդանիների ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի։
V. Կենդանիների դիերի թաղումը և թափոնումը 32. Տիրապետողները իրավունք ունեն թաղելու և թափոնելու իրենց պատկանող կենդանիների դիերը։ 33. Կենդանիների դիերի թաղումն իրականացվում է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրերում՝ սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոններին համապատասխան։
VI. Գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու առանձնահատկությունները 34. Գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու վերաբերյալ սույն Կանոնների դրույթները տարածվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին։ 35. Կենդանիների զբոսանքը կամ արոտը կարող է կազմակերպվել տիրապետող անձի հսկողության ներքո՝ միայն դրա համար հատուկ նախատեսված վայրերում։ 36. Արգելվում է կենդանու ազատ կամ կապված արոտն դրա համար չհատկացված վայրերում (փողոց, զբոսայգի, պուրակ, տնամերձ տարածք և այլն)։ 37. Տիրապետողներն պարտավոր են հիվանդությունների կանխման նպատակով ապահովել համապատասխան անասնաբուժական միջոցառումների իրականացումը, թույլ չտալ շրջակա միջավայրի աղտոտումը կենդանիների կենսագործունեության արդյունքներով։ VII. Կանոնները խախտելու պատասխանատվությունը 41. Սույն կանոնների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
VIII. Անցումային դրույթներ 42. Տիրապետողները պարտավոր են հաշվառել իրենց տիրապետության ներքո գտնվող շներին՝ Կանոններն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։